Բաթումում ձերբակալել են Ասլան Աբաշիձեի որդուն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումի ոստիկանությունը ձերբակալել է Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի որդուն՝ Գեորգի Աբաշիձեին: «Ռոսւթավի 2» հեռուստաալիքի տվյալներով, Աբաշիձե կրտսերը ձերբակալվել է երեկ երեկոյան:
Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ Աբաիձեն գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Դրա հետ կապված՝ նրան տուգանել են 500 լարիով: Աբաշիձեն պնդում է, որ ոստիկանները կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել իր հանդեպ և չեն բացատրել իր իրավունքները:
Աբաշիձեն կարծում է, որ ձերբակալվել է ինչ-որ մեկի անձնական շահագրգռվածության պատճառով: Դրանից մեկ օր առաջ ոստիկանները կանգնեցրել էին նրա ընկերների մեքենան՝ դարձյալ թմրանյութի օգտագործման հարցը պարզելու համար:
Աբաշիձեների ընտանիքն Աջարիան լքել է 2004 թվականին: 2007 թվականին Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին հեռակա կարգով դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման:
Գեորգի Աբաշիձեն նախկինում զբաղեցրել է Բաթումի քաղաքապետի պաշտոնը: Նա Վրաստան է վերադարձել 2014 թվականի մարտին: Այն ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հիմքեր չունի նրան ձերբակալելու համար: