«Եթե Ս. Խաչատրյանին մարզպետ դնեն, կնշանակի, որ Սուրիկին հանել էին Արտակ Բուդաղյանի սպանությունը ձախողելու համար». ԳԱԼԱ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 4-ի կառավարության նիստի ժամանակ ազատվեց մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Կառավարության այս որոշումից հետո որպես հավանական թեկնածու սկսեց շահարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը, ում և այս պաշտոնում փոխարինել էր Վահե Հակոբյանը։
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե իշխանության նման քայլը կնշանակի հերթական անգամ վնաս հասցնել Սյունիքին ու սյունեցիներին։ Ըստ նախկին քաղաքապետի համոզման՝ Սուրիկ Խաչատրյանի՝ այդ պաշտոնից հեռանալուց հետո սյունեցիները սկսել էին հանգիստ շունչ քաշել։
«Սյունիքում արժանապատվություն ունեցող որևէ մարդ, ով մտահոգված է Սյունիքի, ծննդավայրի ու սեփական տանիքի մասին, Սուրիկ Խաչատրյանին ոչ միայն տեսնել չի ցանկանա մարզպետի պաշտոնում, այլև առհասարակ պետական որևէ պաշտոնում։ Չնայած այսօր Սյունիքում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ կան և այնպիսի անձինք, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց Սուրիկ Խաչատրյանի։ Սյունեցին ազատ շունչ սկսեց քաշել, երբ Սուրիկ Խաչատրյանը ազատվեց մարզպետի պաշտոնից»։
Սակայն Սամվել Հարությունյանը հիշեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանը ասել էր, թե մինչև հունիսի 1-ին կատարված ոճրագործության քննության ավարտը թողնելու է այդ պաշտոնը, և ըստ էության հիմա նա համարում է, որ արձակուրդի է գնացել այդ պաշտոնից․
«Հիմա ամեն ինչ անելու է, որպեսզի վերադառնա մարզպետի պաշտոնին։ Իրականում մարդիկ սկսեցին ազատ շունչ քաշել, և դա միայն իմ կարծիքը չէ, այստեղ շատերն են այդ տեսակին և մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, գտնում են, որ սյունեցին՝ գորիսեցին իրավունք ունի ազատ շունչ քաշելու, իրավունք ունի ազատության։ Բայց մեր երկրում որևէ բանի վրա այլևս զարմանալ չի կարելի ու չեմ էլ բացառում, որ նման քայլ կանի այս իշխող պարագլուխը և Սուրիկ Խաչատրյանին նորից այդ պաշտոնին կնշանակի»։
Գորիսի նախկին քաղաքապետն ընդգծում է, որ իշխանությունների այս քայլը յուրատեսակ մեսիջ կարող է դառնալ․ «Եթե իշխանությունները նման քայլ կատարեն, ապա նրանք կդառնան սյունեցիների մեծագույն թշնամիները, այսինքն կստացվի, որ նրանք չեն բավարարվել սյունեցիներին արդեն հասցրած վնասով, որ Սուրիկ Խաչատրյանի միջոցով պատճառել են ռազմական նշանակություն ունեցող Սյունիքի մարզին։ Գիտեք, մի այսպիսի բան էլ կա, եթե իշխանությունը գնա Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու քայլին՝ կնշանակի, որ նրանք Սուրիկին այդ պաշտոնից հանել էին ոչ թե Ավետիք Բուդաղյանի սպանության համար, այլ Արտակ Բուդաղյանի սպանությունը ձախողելու»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: