Արարատի մարզպետարանում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար կազմի և մարզի ՋՕԸ-երի ղեկավարների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում՝ պետական ծրագրերի իրականացման, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:
Փոխվարչապետին նախ տեղեկություններ ներկայացվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի ընթացքի մասին: Ծրագրի շրջանակում հիմնանորոգվում եւ վերանորոգվում է քսան դպրոց, բարեկարգվում են համայնքային եւ մարզային նշանակության ճանապարհներ: Զեկուցվեց, որ դպրոցաշինական բաղադրիչում ընդգրկված ծրագրերի մի մասն արդեն ավարտված է, առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն նաեւ ընթացքում գտնվողները: Ճանպարհաշինական բաղադրիչով կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսը:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց մշտական վերահսկողություն իրականացնել որակի նկատմամբ՝ ընդգծելով, որ պետական ծրագրերով բոլոր աշխատանքները պետք է կատարվեն առանց թերությունների:
Հինգերորդ հրատապ ծրագրով նաեւ շուրջ 200 մլն դրամ է հատկացվել ցրտահարության հետեւանքները մեղմելուն ուղղված աջակցության ծրագրերի, մասնավորապես, հողի հարկն ամբողջությամբ եւ ջրի վարձավճարների 50 տոկոսը փոխհատուցելու համար: Զեկուցվեց, որ մարզի՝ ցրտահարությունից տուժած շահառուների իրազեկման նպատակով վերջիններիս ցուցակները տեղադրված են մարզպետարանի կայքում, եւ գործընթացն իրականացվում է բաց ու հրապարակային:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման՝ 2014թ. ութ ամիսների ցուցանիշները: Համայնքների ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 99,5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,1 տոկոս աճ է արձանագրվել, հողի հարկի կատարողականը կազմել է 101,8 տոկոս՝ արձանագրելով 3, 4 տոկոս աճ, իսկ գույքահարկի կատարողականը կազմել է 104 տոկոս՝ աճելով 24, 8 տոկոսով:
Նշվեց նաեւ, որ մարզում արդեն սկսվել են պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի պահածոների գործարանները մթերել են 1140տ պտուղ եւ 8891տ բանաջարեղեն, գինու եւ կոնյակի գործարանները մթերումներն սկսել են այսօրվանից:
Մարզպետարանի պատասխանատուներն արդյունավետ համարեցին պտղակեր վնասատուների դեմ ֆերոմոնային թակարդներով պայքարի կառավարության ծրագիրը՝ առաջարկելով կառավարությունում քննարել ծրագրի շարունակման հնարավորությունը:
Նշվեց նաեւ, որ մարզպետարանն աջակցում է Բնապահապանության նախարարության կողմից մարզի ձկնաբուծական տնտեսություններում իրականացվող խորքային հորերի փակման եւ կոնսերվացման գործընթացին, կատարվում են համապատասխան իրազեկման աշխատանքներ:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական վերահսկողության իրականացման, մարզի առողջապահական եւ կրթական հաստատությունների, ինչպես նաեւ մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնների գործունեության հետ կապված հարցեր: Մարզում գործում է չորս նման կենտրոն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուները համատեղ կքննարկեն կենտրոնների գործունեության ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծումներ կգտնեն:
Փոխվարչապետն այնուհետեւ առանձին խորհրդակցություն անցկացրեց մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների եւ Ջրտնտպետկոմի պատասխանատուների հետ:
Նկատելով, որ սակավաջրությամբ պայմանավորված՝ տարին բավականին լարված է եղել ոռոգման համակարգի համար, փոխվարչապետը միաժամանակ ընդգծեց մինչեւ սեպտեմբերի վերջ գյուղացիական տնտեսություններին ջուր հասցնելու կարեւորությունը: Նա ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց անել առավելագույնը եւ աշխատել խիստ կազմակերպված՝ ջուր մատակարարելով սահմանված ժամանակացույցերին համապատասխան, որպեսզի ջրի բացակայության պատճառով գյուղացին բերքի կորուստներ չկրի:
Հատկապես քննարկվեցին «Արտաշատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Վերին Դվին եւ հարակից մյուս համայնքներում Ազատի ջրամբարում ջրի նվազման հետեւանքով առաջացած խնդիրները: Փոխվարչապետը պատասխանատուներին առաջարկեց ուսումնասիրել խնդիրներն ու տեղական իշխանությունների հետ համագործակցաբար տեխնիկական լուծումներ գտնել: Նա նաեւ առաջարկեց մարզային լրատվամիջոցներով բնակչությանն իրազեկել ոռոգման ժամանակացույցերի եւ ռեժիմների մասին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին