Գագիկ Ծառուկյանը Չինաստանում հանդիպել է գործարարների հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահը հանդիպել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների հետ:
Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ես պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք և ձեր գործընկերները կարողանաք գալ Հայաստան և ներդրումներ կատարեք մեր երկրում ձեր ցանկացած ոլորտներում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար:
Չինացի ձեռնարկատերերն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Հայաստանով և մոտ ապագայում պատրաստ են հանդես գալ կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստանում հայ-չինական տնտեսական ֆորում անցկացնել, որի ընթացքում չինացի գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին ու հենց տեղում ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: