Չինաստանը 25 միլիոն դոլար կներդնի Վրաստանի գյուղատնտեսության զարգացման մեջ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը պատրաստ է մինչև 25 միլիոն դոլար ներդնել Վրաստանի գյուղատնտեսության զարգացման մեջ և մասնավորապես Սամեգրելո-Զեմո Սվանետիի շրջանում (Վրաստանի արևմտյան հատված):
Համագործակցության մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիայի գլխավորած կառավարական պատվիրակության չինական այցի ժամանակ:
Հուշագրի համաձայն, չինական կողմը պետք է ներդրումներ անի գյուղատնտեսական կուլտուրաներ աճեցնելու, ձկնորսության, անասնապահության, ենթակառուցվածքների ու ագրո-զբոսաշրջության զարգացման մեջ:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականին Վրաստանում կատարած ներդրումների ծավալով Չինաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 81.9 միլիոն դոլար, ինչը կազմում է օտար ուղիղ ներդրումների 10 տոկոսը: