Իրանը պլանավորել է առաջիկա երեք տարում գրեթե կրկնապատկել գազի արդյունահանման ծավալը
Iran.ru-ի փոխանցմամբ՝ պլանավորված է առաջիկա երեք տարում Իրանում գազի արդյունահանման ծավալը հասցնել տարեկան մինչև 330 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին հայտարարել է Իրանական ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն, Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Համիդ Ռեզա Արակին:
Ներկա դրությամբ, Իրանում գազի տարեկան արդյունահանումը կազմում է 189 միլիարդ խորանարդ մետր: Այդ ցուցանիշը 330 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու համար անհրաժեշտ է գազաբաշխիչ ցանցով ապահովել օրական մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազի մղում, ինչը հեշտ առաջադրանք չէ:
Բացի այդ, Իրանի ներսում գազատարների ընդհանուր երկարությունը պետք է ներկայիս 35.000 կիլոմետրից հասցնել մինչև 40.000 կիլոմետրի:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրանի նավթային պաշարները կբավականացնեն 60, իսկ գազային պաշարները՝ 200 տարի: