Օբաման 350 զինծառայող է ուղարկում Իրաք
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Իրաք ուղարկել ևս 350 զինծառայող` Բաղդադում ամերիկյան դեսպանատան պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Իրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ու ամերիկացի մասնագետներին պաշտպանելու համար հավելյալ ուժեր ուղարկելու խնդրանքով Օբամային դիմել է Պետդեպարտամենտը: Այդ նախաձեռնությանն աջակցել է նաև Պենտագոնը: Օբամայի աշխատակազմը վստահեցրել է, որ զինծառայողները չեն ներգրավվի ռազմական գործողություններում:
Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ Իրաք ուղարկվող կոնտինգենտում ընդգրկվելու են ցամաքային զորքերի զինծառայողներ ու ծովային հետևակայիններ: Խմբավորման ուղարկումից հետո Իրաքում ամերիկացի զինծառայողներիթիվը կանցնի հազարից, որոնցից 820-ը գործարկվելու են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ու նրա անձնակազմի անվտանգության ապահովման գործընթացում: