Էբոլա վիրուսը հասել է Սենեգալ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է արևմտաաֆրիկյան հերթական երկրում` Սենեգալում: Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդը գվինեացի երիտասարդ տղամարդ է, ով ենթադրաբար վարակվել է իր երկրի մայրաքաղաք Կոնակրիում:
Դրանից հետո նա մեկնել է Սենեգալ և սահմանը հատել է մինչև օգոստոսի 21-ը: Այդ օրը Դակարը որոշել է փակել Գվինեայի հետ սահմանը: Գվինեացուն տեղափոխել են դակարյան կլինիկայի կարանտինային բաժանմունք: Բժիշկների խոսքերով` երիտասարդի վիճակը գնահատվում է բավարար:
Ներկայումս իշխանությունները փորձում են պարզել մինչև հոսպիտալացումը նրա շփումները, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը: Էբոլա տենդը բռնկվել է այս տարվա փետրվարին, Գվիենայում, ինչից հետո այն տարածվել է հարևան Լիբերիայում, Սիեռա Լեոնեում ու Նիգերիայում:
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ այն հասել է մինչև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ուր դրա հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վիրուսհի հետևանքով մահացել է 1552 մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 3069 դեպք: