«Օղի չի եղել սեղանին». Վարդան Պետրոսյանի հարևանի խոսքով՝ սեղանին դրված օղու բաժակներում ջուր է եղել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով այժմ հարցաքննվում են վկաները: Դատարանում վկա ճանաչված Օնիկ Հակոբյանն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին, նրա հարևանն է: Վկան դատարանում ասաց, որ խնդիրներ ունի հիշողության հետ, սակայն հիշեց, որ դեպքի օրը եղել է Վարդան Պետրոսյանի տանը, այնտեղ եղել է ճաշկերույթ և նկարահանող խումբ: Պատասխանելով գործով տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հարցին՝ վկան ասաց, որ ճաշկերույթի ժամանակ, որը նկարահանվել է, սեղանին եղել են օղու բաժակներ, որոնց մեջ ջուր է լցված եղել. վկան դժվարացավ հիշել՝ ով է ջուր լցրել օղու բաժակի մեջ:
Ռ. Բալոյանն ասաց, որ գործում տվյալներ կան, որ սեղանի վրա դրված է եղել տնական օղի և հարցրեց՝ ինչ կարող է վկան ասել այս մասին: «Օղի չի եղել սեղանին»,- ի պատասխան սաց վկան: Մեղադրողն ասաց, որ հեռախոսային խոսակցությունների վերծանումների համաձայն՝ վերջինը Վարդան Պետրոսյանի հետ հեռախոսով խոսել է վկան 22:10-ին: Մեղադրողը հետաքրքրվեց՝ ինչ խոսակցություն է եղել, ինչին ի պատասխան Օ.Հակոբյանն ասաց, որ չի կարող հիշել:
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ժամանակ վկան հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին՝ ավոտվթարի օրը, Վարդան Պետրոսյանը զանգահարել է իրեն և հրավիրել իրենց տուն ընթրիքի, ինքը գնացել է, տեսել, որ նրանց տանը հյուր էին նկարահանողներ, Վարդան Պետրոսյանի քույրը, նրա աղջիկը և եղբոր որդին: Վկան նշել էր, որ Վ. Պետրոսյանը կերակուր էր պատրաստել, սեղանին օղի չի եղել, իրեն էլ օղի չեն հյուրասիրել, սեղանի մասնակիցները օղի չեն օգտագործել:
Ավելի ուշ, ըստ վկայի, ինքը զանգահարել է Վարդան Պետրոսյանին և առաջարկել գնալ նրա տուն և զրուցել, եթե մենակ է, սակայն Վարդան Պետրոսյանն ասել է, որ Եղվարդ քաղաքից դուրս է եկել, գնում է Երևան: Կապը, ըստ վկայի, անջատվել է, Վարդանի ասած բառերը կիսատ են մնացել, Վարդան Պետրոսյանն անհասանելի է դարձել: Ցուցմունքի հրապարակումից հետո վկան պնդեց իր ցուցմունքը: