Տնտեսագիտական համալսարանի ուսանողի սպանության գործով ճառով հանդես կգա դատախազը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետը: Պաշտպանական կողմին հետաքրքրում էին մի շարք հարցեր՝ այդ թվում ինչ դիրքում է գտնվել Տիգրան Հայրապետյանը ելնելով նրա՝ կրծքավանդակի հատվածում եղած վնասվածքից, ինչ ուղղությամբ է եղել հարվածող ձեռքի ուղղությունը, տուժողի կրծքավանադակին և նստատեղին հայտնաբերված վնասածքներն ինչ չափի դանակով են հասցվել, կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից հնարավո՞ր է պարզել հարվածող անձի հասակը՝ հաշվի առնելով Տիգրան Հայրապետյանի հասակը:

Ի պատասխան փորձագետն ասաց, որ սպանված երիտասարդը կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որն արգելք չէր հանդիսանա նշված վնասվածքը պատճառելու համար, տուժողը կարող էր նստած, կանգնած կամ այլ դիրքում գտնվել, բացառությամբ բերանքսիվայր պառկած վիճակում:

Փորձագետը նշեց նաև, որ Տիգրան Հայրապետյանին հարվածած անձը կարող է բարձրահասակ լինել և հարվածելիս իջեցնել ձեռքը, կարող է նաև ցածրահասակ լինել և հարվածելիս բարձրացնել ձեռքը: Փորձագետը նշեց, որ հնարավոր է՝ երիտասարդի մարմնին հայտնաբերված երկու վնասվածքները պատճառված լինեն նույն և տարբեր դանակներով:

Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ մեղադրվող Հայկ Ա.-ի պաշտպանը դատարանին միջնորդեց նշանակել տեսաձայնագրային փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք քրեական գործում առկա տեսագրություններից մեկում երևացող քայլող խմբի մեջ կա՞ մուգ ակնոցներով անձ, թե՞ ոչ: Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նույն դատավարական փուլում նույն հիմքով ներկայացված միջնորդությունները չեն կարող քննարկվել, եթե չեն բերվել նոր հանգամանքներ.

«Իմ կարծիքով՝ տվյալ պարագայում նոր հանգամանքներ պաշտպանության կողմը չի ներկայացրել»:

Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրն էլ ասաց, որ պարզապես չի կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս այդ ակնոցներով մարդը հայտնվեց որդու կողքին պաշտպանական կողմի ներկայացմամբ. «Ո՞ւմ ցուցմունքով կամ ի՞նչ հանգամանքներում հայտնի դարձավ, որ ակնոցներով այդ մարդը հայտնվել է Տիգրանի կողքին»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը «անհիմն լինելու պատճառով»:
Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Քանի որ մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար, դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 9-ը:

Տեսանյութեր

Լրահոս