Հայաստանն ընդգրկվել է Սերգեյ Լավրովի թվարկած Ռուսաստանի դաշնակիցների թվում
Lenta.ru-ի փոխանցմամվ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Համառուսական երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ թվարկել է աշխարհում Ռուսաստանի դաշնակիցներին:
Լավրովը մանրամասնել է, որ դրանց թվում մտնում են ՀԱՊԿ-ի անդամները, Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի գծով գործընկերները, ՇՀԿ-ի ու BRICS-ի անդամները:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ վատ բան չի տեսնում նրանում, որ իր դաշնակիցները մի շարք հարցերում ունենում են Մոսկվայի դիրքորոշումից տարբերվող կարծիք. «Օրինակ, ՆԱՏՕ-ն միասնական բլոկով քվեարկում է մշտապես ու ամենուրեք:
Մենք ունենք շատ դաշնակիցներ: Եվ երբ մեզ ասում են, որ ՀԱՊԿ-ի գծով ձեր դաշնակիցները միշտ չէ, որ քվեարկում են Ռուսաստանի հետ միասնաբար, մենք ոչ մի աղետ չենք դարձնում դա: Մինչդեռ ՆԱՏՕ-ում այլ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ, այլակարծության յուրաքանչյուր այլ դրսևորում պատժելի է»:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի վրա հարձակվում են ավելի շատ, քան՝ մյուսների վրա, որովհետև իրենք չեն խորշում իրենց տեսակետը ներկայացնելուց: Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված չէ սրել Արևմուտքի հետ հակամարտությունը: