Թուրքիայի նոր կառավարությունը կձևավորվի օգոտսոսի 29-ին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարության նոր կազմը ձևավորվելու է օգոստոսի 29-ին:
Էրդողանն այդ մասին հայտարարել է այսօր Անկարայում իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մեծ համագումարի մեկնարկից առաջ. «Ուրբաթ մենք կձևավորենք նոր կառավարություն: Դա չի լինի մեր առաքելության փոփոխում, դա միայն անունների (պաշտոնների) փոփոխություն է»:
ԱԶԿ-ի մեծ համագումարում որոշվելու է Թուրքիայի նոր վարչապետի հարցը, որը տվյալ պաշտոնում կփոխարինի Էրդողանին, որի երդմնակալության արարողությունն անցկացվելու է վաղը: Թուրքիայի վարչապետի պաշտոնին հավակնում է միայն ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որի առաջադրման մասին Էրդողանը հայտարարել է օգոստոսի 21-ին:
ԱԶԿ-ի մեծ համագումարին մասնակցում է մոտ 40.000 մարդ, որոնք Անկարա են ժամանել Թուրքիայի բոլոր 81 նահանգներից: