Պուտինի ու Պորոշենկոյի երկու ժամանոց հանդիպման ժամանակ չեն քննարկվել Ուկրաինայում հրադադարի պայմանները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել երեկ Մինսկում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ անցկացրած բանակցությունները: Դրանք տևել են մոտ երկու ժամ: Պուտինն ընդգծել է, որ իրենք չեն քննարկել Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի պայմանները.
«Մենք՝ Ռուսաստանը, չենք կարող խոսել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ինչ-ինչ պայմանների, հնարավոր պայմանավորվածությունների մասին: Մենք միայն կարող ենք նպաստել նրան, որպեսզի ստեղծենք վստահելի իրավիճակ, որը հնարավոր կդարձնի առաջընթացի գրանցումը»:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանն անելու է ամեն անհրաժեշտ բան՝ Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղության գործընթացի կայացման համար: Նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է սկսել հնարավորինս արագ, ինչի համար Մինսկում հավաքվելու է շփման խումբը:
Պուտինը հավելել է, որ Պորոշենկոյի հետ քննարկել է նաև Դոնեցկին ու Լուգանսկին հումանիտար օգնություն հատկացնելու հարցը: Պուտինի խոսքերով՝ Արևմուտքի երկրները պետք է հարգալից վերաբերվեն այն միջոցներին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է իր տնտեսությունը պաշտպանելու համար: