Վերաքննիչ դատարանը դեռ չի քննել Բուդաղյանների ներկայացուցչի բողոքը

Վերաքննիչ դատարանը դեռ չի քննել Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը մերժել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման դեմ Հայկ Ալումյանի բողոքը: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ չգիտի՝ երբ և որ դատավորի կողմից կքննվի իր բողոքը:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 5-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի իր կասեցված բողոքների քննությունը. դրանք կքննի դատավոր Ա. Մկրտչյանը: Նշենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի որոշումները, որոնցով դադարեցվել էր քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ. քննիչը գտել էր, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Քննիչի մեկ այլ որոշման համաձայն էլ՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր իրականացվել նրա մահվան պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս