Ամերիկյան Vella Gulf ռազմանավը լքել է Սև ծովը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հրթիռակիր հածանավը լքել է Սև ծովը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի շտաբը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ամերիկյան հածանավն այսօր անցել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով և հայտնվել է Միջերկրական ծովում: Ամերիկյան ռազմանավը Սև ծովում մնացել է երեք շաբաթ, ինչպես որ թույլատրում է Մոնտրեի կոնվենցիան:
Վերջինիս համաձայն, Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերը նրանում կարող են գտնվել 21 օրից ոչ ավելի: Ամերիկյան ռազմանավը Սև ծով էր մուտք գործել օգոստոսի 6-ին: Նա Սև ծովում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Բրիզ-2014» համատեղ ռազմածովային վարժանքներին: