Իրաքի նոր վարչապետը խոստանում է կառավարություն ձևավորել առաջիկա երկու օրում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ նշանակված Հայդեր ալ-Աբադին հուսով է կառավարության նոր կազմ ձևավորվել առաջիկա երկու օրվա ընթացքում: Այս մասին այսօր հայտնել է իրաքյան հեռուստատեսությունը:
Ալ-Աբադիի խոսքերով՝ կառավարության ձևավորման շուրջ անցկացված բանակցությունները եղել են կառուցողական, և ելնելով դրանից՝ հույսեր կան, որ կառավարության ողջ կազմը կհստակեցվի առաջիկա երկու օրում: Իրաքի նախագահն օգոստոսի 11-ին ալ-Աբադդին պաշտոնապես հանձնարարել էր ձևավորել կառավարություն:
Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքին իր անհամաձայնությունն էր հայտնել դրան՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հանդիսանում են Իրաքի սահմանդրության խախտում, սակայն ավելի ուշ նա հրաժարվել էր երրորդ անգամ երկրի վարչապետ դառնալու իր հավակնություններից:
Ալ-Աբադիին հանձնարարել են տարբեր կուսակցությունների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներից ձևավորել ազգային համաձայնության կառավարությանը, որն Իրաքում կվերականգնի կայունությունն ու միասնությունը և կդիմակայի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների սպառնալիքին: