Բաժիններ՝

Ռուսաստանը ցանկանում է հումանիտար նոր ավտոշարասյուն ուղարկել Դոնբաս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի բնակիչների համար հումանիտար օգնության նոր շարասյունը կարող է ուղարկվել մոտ ժամանակներս: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Մենք նոտա ենք հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ իրազեկելով, որ մտադիր ենք պատրաստել հումանիտար օգնության հերթական շարասյունը: Մոսկվան պատրաստել է այն բեռների ցուցակը, որոնք պլանավորված է ուղարկել Դոնբասի բնակիչներին»:

Լավրովն ուկրաինացի գործընկերներին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին կոչ է արել ակտիվորեն համագործակցել հումանիտար առաքելության շրջանակներում.

«Այն փաստը, որ առաջին շարասյունը վերջին հաշվով բեռները հստակ հասցրեց նշանակման վայր՝ առանց որևէ միջադեպի, մեզ հիմք է տալիս հուսալու, որ երկրորդ շարասյունը նույնպես կանցնի առանց խնդիրների»:

Լավրովն ընդգծել է, որ նոր հումանիտար շարասյունը պետք է ընթանա նույն երթուղով ու նույն պարամետրերով, ինչպես որ եղել է առաջին շարասյան դեպքում: Ընդ որում, պայմանավորվածության առկայության դեպքում երկրորդ ավտոշարայսունն Ուկրաինա կուղարկվի այս շաբաթ:

Գրեթե 2000 տոննա բեռով 280 բեռնատարներից բաղկացած առաջին ավտոշարասյունը մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկից Ուկրաինայի սահման էր ուղևորվել օգոստոսի 12-ին: Շարասյունը ռուս-ուկրաինական սահման էր հասել օգոստոսի 14-ին, ուր և նրա ապրանքների ստուգումը սկսվել էր միայն մեկ շաբաթ անց:

Օգոստոսի 22-ի կեսօրի մոտ ռուսական բեռնատարները, առանց ուկրաինական կողմի համաձայնության, հատել են սահմանը և շարժվել Լուգանսկի ուղղությամբ: Մեկ օր անց բոլոր բեռնատարները լքել են Ուկրաինայի տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս