Աբխազիան Ղազախստանին խնդրում է ճանաչել իր անկախությունը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը դիմել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբաևին՝ խնդրելով աջակցել Ղազախստանի խորհրդարանին ուղղված դիմումին, որում խոսք է գնում Աբխազիայի անկախության ու ինքնիշխանության ճանաչման մասին:

Նազարբաևին հասցեագրված նամակի վրա առկա է Աբխազիայի խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի ստորագրությունը: Նամակում Նազարբաևը որակվել է որպես իմաստուն ու պատասխանատու քաղաքական գործիչ, որի հեղինակությունը բարձր է գնահատվում ոչ միայն Ղազախստանում ու հետխորհրդային երկրներում, այլև՝ համայն աշխարհում:

Նամակում նշված է, որ Աբխազիայի Հանրապետության ճանաչումն ամբողջովին համապատասխանում է միջազգային հարաբերությունների ժամանակակից իրողություններին:

Նամակում հույս է հայտնվում, որ Մաքսային միության երկրներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը կգնահատեն ինտեգրացիոն գործընթացների հանդեպ Աբխազիայի Հանրապետության ձգտումը, և ժամանակի ընթացքում Աբխազիան կմասնակցի Եվրասիական միության ստեղծմանը:

Սրանից առաջ էլ աբխազական կողմը համանաման խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին ու խորհրդարանին: Ռուսաստանն Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 26-ին:

Տեսանյութեր

Լրահոս