Իրանը մտադիր է ուրան հարստացնել արդյունաբերական մասշտաբներով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը մտադիր է ուրան հարստացնել արդյունաբերական մասշտաբներով: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքերով` Թեհրանը ձգտում է «Վեցյակի» հետ բանակցություններում վերականգնել այդ իրավունքը.

«Ներկայիս բանակցություններում մենք նշել ենք ուրանի հարստացման ծավալը` հենված մեր կարիքների վրա: Սակայն իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի մշակման ժամանակ պետք է դիտարկվի նաև արդյունաբերական մասշտաբներով Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակը»:

Արաղչին նախորդ տարվա նոյեմբերին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ստորագրված համաձայնագիրը որակել է որպես «կողմերի միջև հրադադար»` ընդծելով, որ այն սահմանափակումները, որոնց համաձայնվել է Իրանը, մշտական չեն: Նա հավելել է, որ ժնևյան համաձայնագրով Իրանը չի ստանձնել միջուկային ոլորտում իր գործունեությունը դադարեցնելու պարտավորություն:

Արաղչիի խոսքերով` միջուկային խնդիրը պետք է ուսումնասիրել նրա բոլոր երեք ասպեկտներով. քաղաքական, իրավական ու տեխնիկան, և որ դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը կարող է հանգեցնել Իրանի միջուկային ծրագրի վրա սխալ հայացք գցելուն.

«Անգամ եթե Իրանը բանակցությունների ընթացքում չհասնի էլ ցանկալի արդյունքներին, ապա աղետ տեղի չի ունենա: Մենք կվերադառնանք մեր միջուկային ծրագրին, իսկ նրանք (Արևմուտք)` Թեհրանի դեմ պատժամիջոցներին»:

Տեսանյութեր

Լրահոս