Վրաստանի բախտը բերել է, որ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևաններ ու ռազմավարական գործընկերներ. Ալասանիա
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան գնահատական է տվել օգոստոսի 19-ին Նախիջևանում Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ իր հանդիպմանը:
Ալասանիան եռակողմ հանդիպումը որակել է որպես բավական արդյունավետ` ընդգծելով, որ Վրաստանի բախտը մեծապես բերել է, որ նա ունի այնպիսի հարևաններ ու ռազմավարական գործընկերներ, ինչպիսիք Թուրքիան ու Ադրբեջանն են:
Նա հավելել է, որ տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերների ֆոնին իրենք պետք է համագործակցեն ավելի սերտորեն և համատեղ պաշտպանել առանցքային ենթակառուցվածքներ, որոնք իրենց զարգացման անքակտելի մասն են.
«Երեք երկրների միջև գործնական համագործակցությունը միտված է տարածաշրջանում միայն խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատմանը և հենված է ազգային շահերի վրա:
Մենք աջակցում ենք միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և ամեն ինչ անում են տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»: