Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի փոխադարձ հարվածներն ի չիք են դարձրել բանագնացների ջանքերը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գազայի հատվածին իսրայելական նոր հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 պաղեստինցի, ևս 75-ը վիրավորվել է: Այս տվյալները ներկայացրել է Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը:
Զոհված կնոջն ու եռամյա երեխային դուրս են բերել Գազայի հատվածում եռահարկ տներից մեկի փլատակների տակից: Դա դարձել է ՀԱՄԱՍ-իկողմից Իսրայելի հարավը հրթիռակոծելու պատասխանը:
Բացի այդ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական պատվիրակությանը կարգադրել է դադարեցնել երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք անցկացվում էին Կահիրեում:
Իսրայելի կարծիքով` հրադադարը ենթադրում է, որ կողմերը չպետք է ռազմական գործողություններ վարեն, մինչդեռ պաղեստինյան կողմը խախտել է այդ պայմանը: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ առ-Ռիշակն իր հերթին հայտարարել է, որ բանակցությունները վերջնականապես փակուղի են մտել Իսրայելի գործողությունների պատճառով: