Ժողովրդին ցույց ենք տալու Բաղրամյան 26-ը և ասելու ենք՝ ահա՛ մեր ժամանակների Ձմեռային պալատը

Մեկ ամիս առաջ մի խումբ անձինք, ովքեր մինչ այդ համախմբված էին «Եվրասիական ժողովրդական շարժում» կազմակերպության մեջ, հայտարարեցին, որ ստեղծում են «Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատ» անունով կազմակերպություն՝ իրենց առաջ խնդիր դնելով Հայաստանում սոցիալիստական հեղափոխություն իրականացնել: ՀՍՀՃ-ի նախաձեռնողները հայտնի են նրանով, որ մշտապես հանդես են եկել Հայաստանի պետականությունը լուծարելու և Ռուսաստանին միանալու` ԽՍՀՄ-ը վերականգնելու գաղափարներով: Դրա ճանապարհներից մեկը նրանք համարում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը: Այս միավորման նախաձեռնող խմբի անդամ Իշխան Թովմասյանի հետ է մեր զրույցն իրենց նոր սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու գաղափարի շուրջ:

– Անցած մեկ ամսվա ընթացքում փորձե՞լ եք հասկանալ, թե հասարակության ո՞ր հատվածն է պաշտպանում ձեր գաղափարները, և որքա՞ն մարդ կարող եք դուրս բերել հրապարակ:

– Նախ՝ ուզում եմ ասել, որ Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակն անխուսափելի է, քանի որ արդեն 25 տարի տևող արտագաղթը Հայաստանը հասցրել է հայաթափման: Մյուս կարևոր խնդիրը Հայաստանում սոցիալական անհավասարության ավելի ու ավելի խորացումն է. մի բևեռում գերհարուստ օլիգարխների խմբակն է, մյուս կողմում՝ աղքատության ամենավերջին շեմին հայտնված հասարակության մեծամասնությունը, որոնց մենք համարում ենք մեր կողմնակիցները: Հենց այդ սոցիալական անհավասարությունից է, որ ժողովուրդը փախչում է երկրից, և դրա վերջը պետք է տալ: Դրա համար է, որ մենք ասում ենք, որ 1 օր առաջ պետք է Հայաստանում սոցիալիստական հեղափոխություն իրականացնել: Մենք արդեն պահանջագիր ենք ուղարկել իշխանությանը, որպեսզի ընդունվի օրենք «Ազգայնացման մասին», որի հիման վրա կազգայնացվեն Հայաստանի բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները` էներգետիկա, կապ, հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ: Մեր ժողովրդի դժբախտությունն այդ ձեռնարկությունների սեփականաշնորհումն էր, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալիստներին:

– Ռազմավարական նշանակության ձեռնարկությունների սեփականատերերը հիմնականում ռուսական ընկերություններ են, դրանց ազգայնացումը չի՞ խաթարի հայ-ռուսական բարեկամությունը, որի ջատագովն եք դուք:

Կարդացեք նաև

– Ես գիտեի, որ այդ հարցն ինձ տալու էիք, քանի որ ես համարվում եմ ծայրահեղ ռուսամետ: Բայց ես առաջին հերթին՝ առաջնորդվում եմ շարքային ժողովրդի շահերով: Այդ ձեռնարկությունները չպետք է սեփականաշնորհվեին, եթե սեփականաշնորհվել են՝ ի՞նչ կարևոր է, թե ով է գնորդը, ռուսները չգնեին՝ ուրիշ երկրներից կլինեին գնորդները, կամ բաժին կհասներ ներսի օլիգարխներին:

– Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ խոսում են արտագաղթի և սոցիալական բևեռացման մասին, դնում են իշխանափոխության հարցը: Դուք ինչ-որ ձևով տարբերվելո՞ւ եք նրանցից:

– Մենք տարբերվելու ենք մեր վճռականությամբ: Մենք իշխանության առաջ լուրջ պայման ենք դրել. ընդունել ազգայնացման մասին օրենք և ազգայնացնել այն սեփականությունը, որը խլվել է ժողովրդից, և կապ չունի, թե դա որ օլիգարխի ձեռքին է հայտնվել: Հայաստանում չպետք է օլիգարխիա լինի, որ մի հատ էլ ժողովրդի սեփականությունն իր ձեռքում կենտրոնացնի ու չնչին կոպեկներով շահագործի ժողովրդին: Իսկ օլիգարխիան հնարավոր է վերացնել, եթե նրանց ձեռքից հետ վերցվի ժողովրդի սեփականությունը: Այս իմաստով մեր շարժումը հակաօլիգարխիական է, ընդդեմ ժողովրդի թալանչիների և կեղեքիչների: Եթե իշխանությունը չկատարեց մեր պահանջը, մենք ժողովրդին կոչ ենք անելու հավաքվել հրապարակում: Եվ, ի տարբերություն մյուս ուժերի, մենք ժողովրդին չենք հավաքելու հրապարակում՝ բարևելու և տուն ճանապարհելու համար. ցույց ենք տալու Բաղրամյան 26-ը և ասելու ենք, որ՝ ահա՛ մեր ժամանակների Ձմեռային պալատը: Մենք ժողովրդին կառաջնորդենք ազատագրելու Ձմեռային պալատը, որտեղ նստած են իր թալանչիները: Սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու մեր առաջին հավաքը, և այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե մենք ինչի ենք ընդունակ:

– Ձեր կազմակերպության խորհրդանիշը ԽՍՀՄ կարմիր դրոշն է՝ մուրճ ու մանգաղով: Դա նշանակո՞ւմ է, որ դուք ուզում եք վերականգնել ԽՍՀՄ-ը, և այդ դեպքում կխլեք ոչ միայն օլիգարխների, այլ նաև մանր սեփականատերերի ունեցվածքը, կանեք նոր կուլակաթափություն:

– Այո, մենք կողմնակից ենք ԽՍՀՄ-ի վերականգնմանը, որի հիմքը դրվել է Եվրասիական միությունով, և Հայաստանն էլ պետք է օր առաջ մտնի այդ միություն: Եվրասիական միությունը մի օր դառնալու է Սովետական Միություն, մենք դրան հավատում ենք: Բայց մենք կողմնակից ենք բազմակացութաձև տնտեսվարմանը. խոշոր սեփականությունը պետք է լինի պետական, իսկ մանր ու միջինը կլինեն մասնավոր:

– Դուք ասում եք՝ օր առաջ անդամակցել ԵԱՏՄ-ին: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է առանց Ղարաբաղի: Դուք ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

– Սկսեմ նրանից, որ Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի դեպքում պատասխան են տալու բոլոր երեք նախագահներն էլ և բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, քանի որ այսօրվա օլիգարխիկ համակարգի կնքահայրերն են եղել և հիմա էլ շարունակում են օգտվել այդ համակարգի բարիքներից: Իսկ Ղարաբաղի հետ կապված պետք է ասեմ, որ այսօր դրված է Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հարցը, և ոչ թե Ղարաբաղի: Մենք ասում ենք՝ Ղարաբաղն ինքնորոշվել է, անկախ պետություն է: Եթե մենք դա ընդունում ենք և ուզում ենք, որ աշխարհն էլ դա ընդունի, ուրեմն պետք է թողնենք, որ Ղարաբաղն ինքը որոշի, թե ուր գնա, ում միանա: Ես էլի եմ ասում, մեր խնդիրն օր առաջ Եվրասիական միություն մտնելն է: Երբ մենք կմտնենք Եվրասիական միություն, այդ ժամանակ Ղարաբաղի ժողովուրդը թող որոշի՝ միանա՞ այդ միությանը, թե՞ ոչ: Ոչ թե, ասենք, քանի դեռ Ղարաբաղին էլ Եվրասիական միություն չեք վերցնում՝ Հայաստանն այդտեղ չի մտնելու: Ղարաբաղը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանի համար Եվրասիական միություն մտնելու ճանապարհին:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Տեսանյութեր

Լրահոս