«Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիքներ է հասցեագրել ԱՄՆ-ին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիքներ է հասցեագրել ԱՄՆ-ին: Համացանցում հայտնված անգլերենով համապատասխան տեսաուղերձում խմբավորման ներկայացուցիչները խոստանում են ամենուրեք հարձակվել ամերիկացիների վրա, եթե Վաշինգտոնը չդադարեցնի Իրաքում իրենց դիրքերին հարվածելը. «Մենք ձեզ կթաղենք արյան ծովում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել էր Իրաքում ամերիկյան ավիահարվածների արդյունավետության մասին, որոնք, նրա խոսքերով, հնարավորություն են տվել վերահսկողություն հաստատել Մոսուլի ամբարտակի վրա, որը ներկայացնում է ռազմավարական կարևորություն և Իրաքի խոշորագույն ամբարտակն է:
Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում Օբաման հայտարարել էր, որ վերջին 11 օրում ամերիկյան ավիահարվածները կանգնեցրել են զինյալների առաջխաղացումն Էրբիլի ուղղությամբ` հետ շպրտելով նրանց: