Օբաման ժամանակավորապես դադարեցրել է իր արձակուրդը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակավորապես դադարեցնում է իր արձակուրդը և վերադառնում է Սպիտակ տուն` աշխատանքային մի շարք հանդիպումներ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Ենթադրվում է, որ Օբաման Վաշինգտոնում կգտնվի երկու օր, ինչից հետո կվերադառնա Մասաչուսեթս նահանգի Մարտաս Վինյարդ կղզու հանգստավայր, ուր նա կշարունակի հանգստանալ իր ընտանիքի հետ:
Օբաման իր օգնականների հետ քննարկելու է Իրաքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի դեպքերը, ուր արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում բողոքի ակցիաները` կապված ոստիկանի կողմից 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունի սպանության հետ:
Ֆերգյուսոն քաղաքում մտցվել է պարետային ժամ, որը կարող է երկարաձգվել մի քանի օրով: Ցուցարարները սակայն չեն ենթարկվել պարետային ժամի սահմանմանը: Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը կարգադրել է Ազգային գվարդիա մտցնել քաղաք` այնտեղ կարգուկանոն հաստատելու համար:
Օբաման Արդարադատության նախարարի հետ քննարկելու է Ֆեգյուսոնի դեպքերի հարցը: Օբաման և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդիպելու են Սպիտակ տանը կից գործող Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ և քննարկելու են Իրաքի վերջին զարգացումները: