Իրաքում Մեծ Բրիտանիայի առաքելությունը կձգձգվի ամիսներ. Մայքլ Ֆելոն
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ` Իրաքում Մեծ Բրիտանիայի առաքելությունը կձգձգվի ամիսներ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Նրա խոսքերով` փոխվել են Իրաքում Լոնդոնի գլխավոր նպատակները. եթե նախկինում խոսքը գնում էր միայն հումանիտար ճգնաժամի ավարտին աջակցելու մասին, ապա այժմ Մեծ Բրիտանիան միանում է ահաբեկչության դեմ պայքարին և աջակցելու է Իրաքի նոր կառավարությանը:
Նախարարն ընդգծել է, որ ներկայումս Իրաքում գործող Tornado կործանիչներն ու Rivet Joint հետախուզական ինքնաթիռները Իրաքի ղեկավարությանը տվյալներ են փոխանցում «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների ու փախստականների տեղաշարժերի մասին:
Ֆելոնը հավելել է, որ բրիտանական կանոնավոր զորքերը տարածաշրջանում ճգնաժամի սկսվելուց հետո առաջին անգամ կենտրոնացել են Իրաքի տարածքում: Նախարարը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան Իրաքի քրդերին մատակարարում է զենք ու զինամթերք, այդ թվում նաև խորհրդային բլոկի նախկին երկրներից:
Ֆելոնը զգուշացրել է, որ Իրաքում հումանիտար ճգնաժամ ավելի է խորանում` չնայած Արևմուտքի միջամտությանը: