Ջուլիան Ասանժը դիտարկում է իշխանություններին կամավոր հանձնվելու հնարավորությունը
Sky News-ի փոխանցմամբ` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դիտարկում է իշխանություններին կամավոր հանձնվելու հնարավորությունը: Որոշակի տվյալներով` Ասանժը կարիք ունի բուժօգնության և հենց դրա համար էլ որոշել է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, ուր նա թաքնվում է 2012 թվականի հունիսի 19-ից:
Ասանժը խնդիրներ ունի սրտի ու թոքերի աշխատանքի, տեսողության հետ, ունի արյան բարձր ճնշում, ինչը Էկվադորի դեսպանատանը երկու տարի թաքնվելու հետևանքն է: Ակնկալվում է, որ Ասանժն իր պլանների մասին կպատմի այսօր լրագրողների հետ զրույցում:
Ջուլիան Ասանժն Էկվադորի ԱԳՆ-ից ապաստան է խնդրել, որպեսզի խուսափի Շվեդիային արտահանձնվելուց, ուր նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ էլ ԱՄՆ-ին արտահանձնվելուց, որտեղ նրան կարող են ազատազրկել լրտեսության մեղադրանքով: Եթե Ասանժը լքի Էկվադորի դեսպանատան տարածքը, ապա նրան անմիջապես կկալանավորեն: