Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Լևոն Հայրապետյանին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է կալանքի տակ թողնել գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեղադրվում է «հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը լվանալու և վատնելու մեջ»:
Մոսկվայի քաղաքային դատարանը դրանով իսկ չի բավարարել Լևոն Հայրապետյանի կալանքը վերացնելու մասին պաշտպանող կողմի միջնորդությունը և ուժի մեջ է թողել Բասմանի դատարանի որոշումը, որով Հայրապետյանին կալանքի տակ են վերցրել մինչև սեպտեմբերի 15-ը:
Դատական նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի կայացրած որոշումը որակել է որպես «խայտառակություն»: 65-ամյա գործարարին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են հուլիսի 15-ին: