Լեյլա Յունուսը հայտնել է մեկուսարանում իր նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ճնշում գործադրելու մասին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 30-ից կալանքի տակ գտնվող Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը ստացել մեկուսարանից գործակալությանը զանգահարելու և իրեն պահելու պայմանների մասին պատմելու հնարավորություն:
Յունուսը հայտնել է, որ մեկուսարանում իր նկատմամբ գործադրել են հոգեբանական և անգամ ֆիզիկական ճնշում: Օգոստոսի 5-ից, երբ կալանավորել են նրա ամուսին Արիֆին, Յունուսը չի ստացել որևէ ծանրոց: Նա նաև ոչ մի կերպ տեղյակ չէ ամուսնու վիճակի մասին, որին պահում են Ազգային անվտանգության նախարարության հետաքննչական մեկուսարանում:
Լեյլա Յունուսի խոսքերով՝ ցայժմ փաստաբաններին թույլ չեն տվել հանդիպել Արիֆի հետ: Լեյլա Յունուսը հաստատել է իր առողջական վիճակի վատթարացումը և անհրաժեշտ բուժօգնության բացակայությունը: Նա ընդգծել է, որ իր համար մատչելի չեն թերթերն ու TV-ը: