Վաշինգտոնը Բաքվին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական հասարակության ոչնչացումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում բռնությունների խստացման ֆոնին ԱՄՆ-ը Բաքվին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումներ բանեցնելը, կազմակերպությունների ու մասնավոր անձանց հաշվեհամարների սառեցումը:

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ-ի առաքելության ղեկավար Հարի Ռոբինսը կոչ է արել ազատ արձակել նրանց, ում կալանավորել են իրենց հիմնարար ազատությունները պաշտպանելու իրավունքն իրականացնելիս:

Ռոբինսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի մերձակա գործընկերները ժողովրդավարական երկրներն են, որոնցում օրենքի գերակայությունը պաշտպանում է մարդկանց իրավունքներն ու ապահովում է արդարադատություն: Նա հավելել է, որ դա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է բարգավաճման ու կայունության.

«Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում, ելնելով մարդասիրական նկատառումներից, հնարավորինս արագ ազատ արձակել իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսին Արիֆ Յունուսին, որոնք ժողովրդական դիվանագիտության նախագծերին մասնակցել են՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

Նույնը վեաբերում է նաև հայտնի իրավապաշտպաններ ու քաղաքացիական ակտիվիստներ Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին ու Էմին Հուսեյնովին: Նրանցից առաջին երկուսին կալանավորել են անհիմն մեղադրանքներով, իսկ վերջինիս սպառնում է կալանավորման վտանգ:

Սա խորը հիասթափություն առաջացնող մեծ թվով դեպքերի միայն մի մասն է: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ օրենքի գերակայությանը, հարգել մարդու իրավունքներն ու դադարեցնել խաղաղ, քաղաքացիական հասարակության ոչնչացումը:

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության գոտին հասցվել է նվազագույնի, այդ սահմանափակումներն առնչվել են նաև երկրում գործող ամերիկյան մի շարք ՀԿ-ների»:

Տեսանյութեր

Լրահոս