Օրհան Զեյնալովը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, որին սպանության համար Ռուսաստանում դատապարտել են 17 տարվա ազատազրկման, հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները կօգնեն իրեն, որպեսզի նա կարողանա իր ազատազրկումն անցկացնել հայրենիքում:

Այս մասին հայտարարել են Զեյնալովի փաստաբանները: Ներկա դրությամբ նրանք բողոքարկել են Զեյնալովի նկատմամբ կայացված դատավճիռը: Զեյնալովն իր փաստաբանների միջոցով կապ է հաստատել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հետ:

Նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Զեյնալովը վեճի էր բռնվել Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի հետ, որի ժամանակ էլ սպանել էր նրան՝ դանակի հարվածներ հասցնելով մոսկվացու կրծքավանդակին ու թիկունքին:

Շչերբակովի սպանությունը զանգվածային անկարգություններ էր առաջացրել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, որոնց ժամանակ ձերբակալվել էր գրեթե 400 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս