Բաժիններ՝

Պորոշենկոյին առաջարկել են Մաքսային միության երկրների ղեկավարների հետ հանդիպել Մինսկում

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը պատրաստ են Մինսկում հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ այժմեական հարցեր քննարկելու համար:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահը. «Կա նման գաղափար, քանի որ առաջանում են մի շարք հարցեր: Դրանք առաջին հերթին կապված են ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

Մենք մեծապես մտահոգված ենք և մտավախություններ ունենք, որ ԵՄ-ի ապրանքներն Ուկրաինայի տարածքով զրոյական մաքսատուրքով չներթափանցեն Բելառուս, Ռուսաստան ու Ղազախստան և չխեղդեն մեր տնտեսությունները:

Դա բնական է, դա յուրաքանչյուր պետության մտավախությունն է: Եվ երկրորդ՝ Ռուսաստանի կողմից մի շարք ապրանքների ներկրման նկատմամբ բեռնարգելք դնելու հետ կապված՝ մեզ համար շատ կարևոր կլիներ Մաքսային միությունում քննարկել այդ, երկրորդ խնդիրը:

Ես իմ գործընկերներին ասացի՝ եկե՛ք Պյոտր Պորոշենկոյին առաջարկենք, որ միանա այդ և Ուկրաինայում առկա այլ խնդիրների քննարկումներին: Եթե նա ցանկանում է դա, ապա մենք կքննարկենք այդ խնդիրները, միևնույն է՝ դրանք ոչ մի տեղ չեն չքանա:

Ուկրաինայի համար դրանք չափազանց կարևոր են, քանի որ Ռուսաստանը դանդաղորեն կասեցնում է Ուկրաինայից մի շարք ապրանքատեսակների ներկրումը: Ոչ վաղ անցյալում բարձրացվեց արդեն ալկոհոլի հարցը, իսկ դրանից առաջ էլ՝ կաթի ու մսամթերքի հարցը»:

Լուկաշենկոն հավելել է, որ հանդիպման գաղափարը քննարկել է Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների հետ, և նրանք պատրաստ են ժամանել Մինսկ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին հայտարարել է, որ Գերագույն ռադան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու է ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս