Բաժիններ՝

Իրանը պլանավորում է քառապատկել քաղաքացիական օդանավերի թիվը

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի ավիապարկը պետք է մեծացվի 4 անգամ, իսկ օդանավակայանների սպասարկման կարողությունները՝ 2 անգամ: Այս մասին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի քաղաքաշինության փոխնախարար, Քաղաքացիական ավիացիա կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ջահանգիրյանը:

Նրա խոսքերով՝ 11 տարի անց քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների թիվը պետք է կազմի առնվազն 600 միավոր, և դրա հետ կապված՝ Իրանը պետք է տարեկան ներկրի մինչև 50 ինքնաթիռ՝ հաշվի առնելով, որ իրանական օդանավերի շահագործման միջին ժամկետը կազմում է 21 տարի:

Մինչև 2025 թվականն իրանական օդանավակայաններով տարեկան պետք է փոխադրվի մոտ 100 միլիոն ուղևոր. միջազգային նորմերով դրա համար օդանավակայանների սպասարկման հզորությունը պետք է գերազանցի 150 միլիոն ուղևորի սահմանագիծը:

Ներկա դրությամբ այդ ցուցանիշը կազմում է տարեկան մոտ 80 միլիոն ուղևոր: Ներկայումս Իրանում հաշվվում է 70 ուղևորատար օդանավակայան, և եթե քանակական առումով այդ թիվը համարվում է բավարար, ապա նույնը չի կարելի ասել դրանց սպասարկման հնարավորությունների մասին:

Իրանի քաղաքացիական ավիացիան ներկայումս ունի 250 ինքնաթիռ, սակայն դրանցից մոտ 100-ը գամված են գետնին՝ անհրաժեշտ պահեստամասերի բացակայության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս