Պուտինը Նազարբաևին իրազեկել է Սարգսյանի ու Ալիևի հետ իր հանդիպումների մասին
Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրների պատժամիջոցների հարցը:
Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը. «Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրների պատժամիջոցները և Ռուսաստանի պատասխան միջոցները, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքները:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի շուրջ: Հաստատվել է Մաքսային միության անդամ երկրների ու Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումն այս տարվա օգոստոսի երրորդ տասնօրյակին, ինչը համապատասխանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկին»:
Բացի այդ, Պուտինը Նազարբաևին իրազեկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ իր հանդիպումների մասին: Ընդգծվել է, որ կողմերը քննարկել են առկա բարդություններն ու մոտեցրել են Ղարաբաղյան հիմնախնդրի հարցի նկատմամբ իրենց դիրքորոշումները: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև ռուս-ղազախական համագործակցության հարցը: