Ինչպես է Հովիկ Աբրահամյանը պատժելու նախարարներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ:

Տեղերում՝ համայնքների ղեկավարների հետ հանդիիպումների ժամանակ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, բավականին բաց խոսակցություններ են եղել առկա խնդիրների, դրանց լուծման առաջնահերթությունների ու տարբերակների մասին։ Պատկան ոլորտների նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել։ Բայց, վերադառնալով մայրաքաղաք, այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն: Դա, բնականաբար, դուր չի եկել Հովիկ Աբրահամյանին, ու մեր տեղեկություններով՝առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ: Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները և հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին:

Նախարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն, ասում են, վարչապետը ճշտում է առաջին ձեռքից ՝ հենց համայնքապետերից:

Հովիկ Աբրահամյանն արգելել է 100 օրվա առիթով մամուլի ասուլիսների անցկացումը և հանձնարարել է այլևս եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքների արդյունքները։ Եռամսյա ամփոփիչ հանդիպումները, ընդ որում, անցկացվելու են յուրաքանչյուր ոլորտին բնորոշ միջավայրում։

Նախարարներին ևս մեկ էական «նորամուծություն է սպառնում»՝ չթաքնվել մամուլի խոսնակների ետևում և վերացնել լրատվամիջոցների ու լրագրողների հետ ընտրողաբար շփվելու պրակտիկան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս