Ղրղզստանը ցանկանում է Մաքսային միությանն անդամակցել մինչև ընթացիկ տարեվերջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանը հուսով է Մաքսային միությանն անդամակցել մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը.
«Մենք, բնականաբար, կցանկանայինք մինչև ընթացիկ տարեվերջ մտնել Մաքսային միության, Եվրասիական միության կազմ: Եթե լինի փոխադարձ ցանկություն, իրական աջակցություն, ապա Ղրղզստանը ներկայումս ակտիվորեն աշխատում է այդ պլանում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ղրղզստանն ունեն համատեղ բազում պլաններ՝ ներառյալ ներդրումային պլանները, որոնք առնչվում են նաև էներգետիկ ոլորտին:
2013 թվականին Ռուսաստանի ու Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 17 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ, և կազմել 2.14 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը Ղրղզստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է ավելի քան 27 տոկոս: