Ադրբեջանն ու Դաղստանը ջրային խնդիրներ ունեն միմյանց հետ
Кавказский узел-ի փոխանցմամբ՝ Դաղստանի Մագարամկենտի շրջանում չի բավականացնում ոռոգման ջուրը, քանի որ սահմանային Սամուր գետի ջրային ռեսուրսների մեծ մասը վերցնում է ադրբեջանական կողմը՝ ի հակադրումն միջազգային համաձայնագրի:
Այս մասին հայտնել են տեղի բնակիչները: Դաղստանի կառավարությունը ստեղծել է հանձնաժողով՝ ստուգելու համար տվյալ տեղեկատվությունը: Անդրսահմանային Սամուր գետի ջրերը ռացիոնալ օգտագործելու և պահպանելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Դմիտրի Մեդվեդևի ադրբեջանական այցի ժամանակ:
Փաստաթղթի համաձայն, գետի ջրային պաշարների օգտագործումն ու բաշխումը պետք է իրականացվի հավասարաչափ՝ 50-50: Այժմ Ադրբեջանին սահմանակից շրջանի բնակիչները նամակ են հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու Դաղստանի վարչապետ Աբդուսամադ Համիդովին՝ խնդրելով վերականգնել Դաղստանաի ու Ադրբեջանի միջև Սամուր գետի ջրային պաշարների արդար բաշխումը:
Նամակում նշված է, որ Սամուր գետի ջրային բոլոր պաշարների 95 տոկոսը գտնվում է Դաղստանի տարածքում, մինչդեռ Ադրբեջանը վերցնում է գետի ջրերի մոտ 90 տոկոսը՝ խախտելով պայմանագիրը: Սամուր գետի երկարությունը կազմում է 213 կիլոմետր, այն սկիզբ է առնում Դաղստանի տարածքում, ուր և ձևավորվում է նաև գետահոսքի 96.4 տոկոսը:
Ըստ էության, Սամուրը Դաղստանի ներքին գետն է, նրա միայն մի փոքր հատվածն (38 կիլոմետր) է անցնում Ադրբեջանի հետ սահմանով: