ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Իրաքի նոր կառավարությանը. Օբամա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցել է Իրաքի նոր վարչապետի պաշտոնում Հեյդար ալ-Աբադիի նշանակումը: Օբամայի խոսքերով՝ Իրաքը դրանով իսկ կատարեց խոստումնալից մեկ քայլ դեպի առաջ.
«Իրաքի նոր կառավարության առջև կանգնած է բարդ առաջադրանք: Նա պետք է վերադարձնի իր քաղաքացիների վստահությունը՝ դրա հետ մեկտեղ աշխատելով յուրաքանչյուրի շահերի համար, և պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք ի ցույց կդնեն նրա վճռականությունը:
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Իրաքի նոր կառավարությանը, որը կհամապատասխանի Իրաքի ժողովրդի բոլոր խնդրանքներին ու կարիքներին: Ես Իրաքի քաղաքական բոլոր առաջնորդներին կոչ եմ անում աշխատել խաղաղ, այս օրերին ընթացող քաղաքական գործընթացի շրջանակներում»:
Իրաքի նախագահ, էթնիկ քուրդ Ֆուադ Մասումը երեկ նոր վարչապետ է նշանակել Հեյդար ալ-Աբադիին՝ Նուրի ալ-Մալիքիի փոխարեն, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: Դրանից առաջ Մալիքին Մասումին մեղադրել էր երկրի Սահմանադրությունը խախտելու մեջ: Մալիքին նաև հայտարարել էր, որ պատրաստվում է երրորդ անգամ գլխավորել Իրաքի կառավարությունը: