Բաժիններ՝

Թուրքիայի նորընտիր նախագահը վերստին բարձրաձայնել է 2023, 2053 և 2071 թվականների հետ կապված նպատակների մասին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկվա նախագահական ընտրությունների արդյունքներով առաջին փուլում հաղթելուց հետո դիմել է ժողովրդին: Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին:

Էրդողանն ընտրությունների արդյունքները որակել է որպես «77 միլիոնանոց բնակչության և 81 նահանգների» հաղթանակ, «նոր և մեծ Թուրքիայի», «ժողովրդավարության» հաղթանակ:

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել քվեարկության յուրաքանչյուր մասնակցին, այդ թվում նաև արտասահմանաբնակ թուրքերին, որոնք առաջին անգամ հնարավորություն էին ստացել ուղիղ մասնակցել երկրի նախագահի ընտրությանը:

Էրդողանը հայտարարել է, որ ինքը 77 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի նախագահն է՝ անկախ երկրի քաղաքացիների էթնիկ, կրոնական ու դավաբանական պատկանելությունից:

Էրդողանն ընդգծել է, որ իր համար նրանք բոլորն էլ նախևառաջ Թուրքիայի քաղաքացիներ են, և նոր հետո մուսուլման, քրիստոնյա, ասորի, հրեա, եզդի, սուննի ու ալևի, թուրք, քուրդ, արաբ, լազ, վրացի, բոսնիացի, չերքեզ, ռումինացի, հույն, հայ, աբխազ:

Էրդողանը հիշեցրել է, որ երբ իր կուսակցությունը 2002 թվականին Թուրքիայում եկավ իշխանության գլուխ, այն ժամանակ երկրի ՀՆԱ-ն կազմում էր 230 միլիարդ դոլար, մինչդեռ այժմ այն եռակի աճել է՝ հասնելով 820 միլիարդ դոլարի: Էրդողանը հիշեցրել է նաև այն, որ այն ժամանակ Թուրքիան ԱՄՀ-ին պարտք էր 23.5 միլիարդ դոլար, մինչդեռ այժմ Թուրքիան է նրան 5 միլիարդ դոլարի պարտք տվել:

Էրդողանն ընդգծել է, որ այդ ամենը ցույց է տալիս, որ այսօր երեկվանից շատ ավելի լավ է՝ հույս հայտնելով, որ վաղն էլ ավելի լավ կլինի այսօրվա համեմատ: Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է, որ առաջիկայում Թուրքիայի նպատակները կապված են 2023, 2053 և 2071 թվականների հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Էրդողանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Մենք կհասնենք 2023 թվականի հետ կապված մեր նպատակներին, իսկ մեր երեխաները և թոռները՝ 2053 և 2071 թվականների հետ կապված նպատակներին»:

2023 թվականին Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 100-ամյակը (1923 թվական, հիմնադիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք): 2053 թվականին Թուրքիայում նշելու են օսմանների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, որը դրանից հետո վերանվանվեց Ստամբուլ (1453 թվական, սուլթան Մեհմեթ II Ֆաթիհ):

Եվ վերջապես, 2071 թվականին էլ նշվելու է Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը, որում սելջուկները պարտության մատնեցին բյուզանդացիներին, ինչը նրանց համար ճանապարհ հարթեց դեպի Փոքր Ասիա թերակղզու խորքերը (1071 թվական, սելջուկյան սուլթան Ալփ Արսլան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս