Իրաքի քրդերը հավելյալ սպառազինություն են խնդրել` զինյալներին դիմակայելու համար
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքյան Քրդստանն իր զորքերի համար հավելյալ ռազմական օգնություն է խնդրել` Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար:
Իրաքի կառավարությունն արդեն իսկ քրդերին հատկացրել է թեթև հրաձգային զենք ու հանդերձանք: Դրանք նշանաման վայր են հասցվել С-130 տրանսպորտային ինքնաթիռի օգնությամբ: Սակայն քրդերն այժմ ունեն ինքնաձիգների ու ականանետերի կարիք:
Գործակալության տվյալներով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ու Իրաքի իշխանություններն աշխատում են հարցը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ: Օբաման արդեն իսկ արտոնել է զինյալների դիրքերին ճշգրիտ հարվածներ հասցնելը, ինչը և իրականացվել է երեկ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել զինյալների դիրքերին: Օբաման հայտարարել է, որ իրենք օգնելու են Իրաքի կառավարությանն ու քրդերի զինված ջոկատներին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ: