Ադրբեջանական դատարանը 3 ամսով կալանքի տակ է առել իրավապաշտպան Ալիևին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանական դատարանը երեկ երեկոյան 3 ամսով կալանքի տակ է առել իրավապաշտպան Ինթիհամ Ալիևին: Այս մասին գործակալությանը հայտնել է իրավապաշատպանի փաստաբան Անար Գասիմլին:
Նրա խոսքերով` Ալիևին մեղադրել են 3 հոդվածով` հարկեր վճարելուց խուսափելու, ծառայողական լիազորությունների չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրության մեջ: Ալիևը հերքել է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում իր կալանավորման մեջ:
Նա կարծում է, որ իր կալանավորման իրական պատճառն իր իրավապաշտպան գործունեությունն է, կոռուպցիոն փաստերի բացահայտումը և ՄԻԵԴ-ին բողոքներ հղելը: ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հերթական անգամ երեկ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` ԶԼՄ-ների ազատությունը և ՀԿ-ներին ճնշելու համար: