Պուտինը մտադիր է Սոչիում սամբոյի մրցաշարին հետևել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ. աղբյուր
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել Սոչիում սամբոյի հոբելյանական՝ հինգերորդ «S-70 հարթակ» մրցաշարին, որին մասնակցելու են նաև այլ երկրների մարզիկներ:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ Պուտինը գալու է իր հյուրերի հետ, քանի որ հանգստյան օրերին Ռուսաստանի նախագահը բանակցելու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ. «Ճիշտ է՝ ամեն ինչ կախված է ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին բանակցությունների հաջողությունից»:
Նա ընդգծել է, որ 2011 թվականին նախատեսվում էր, որ Սարագսյանն ու Ալիևը Դմիտրի Մեդվեդևի հետ Կազանում կհետևեին Նախագահի գավաթի ձիարշավին, սակայն այն ժամանակ բանակցությունները չէին պսակվել հաջողությամբ և Մեդվեդևի հետ ձիարշավարան էր եկել միայն Սարգսյանը:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մի շարք հանդիպումներ է ունենալու այլ երկրների առաջնորդների հետ: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներից բացի, Պուտինը բանակցություններ է վարելու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:



