Ավետիք Իշխանյան. «Վերջին դեպքերը պետք է սթափեցնեն հայ հասարակությանը և ՀՀ իշխանություններին. պետք է լրջանալ ու հույսներս մեզ վրա դնել»

«Ցանկացած պատերազմի սկիզբը և ընթացքը տեղեկատվական պատերազմ է, որը մեծ նշանակություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ծավալած տեղեկատվական պատերազմին:

Նա նշեց, որ հրադադարից հետո՝ այս 20 տարիների ընթացքում, ի վերջո (նույնիսկ չի կարելի ասել՝ սառը պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, կիսասառը պատերազմ էր ընթանում), պետք է լիներ մրցակցություն. «Իհարկե, Ադրբեջանն ունի նավթ, և Հայաստանը շրջափակման մեջ է, բայց ունենալով այդպիսի խնդիր՝ Հայաստանը պետք է այդ ամեն ինչը հաշվի առներ, հույսը չդներ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի կամ միջազգային կառույցների վրա, ու այս մրցակցության մեջ Հայաստանը պետք է կարողանար և՛ տնտեսապես զարգանալ (որպեսզի արտագաղթ չլիներ), և՛ նվիրում լիներ Հայաստանում, և՛ քաղաքացիներն իրենց զգային՝ որպես լիարժեք քաղաքացի, ու սա կլիներ այն գրավականը, որ Ադրբեջանը չէր համարձակվի որևէ հարձակում անել, ու միջազգային կազմակերպությունները, մեծ մասամբ, ոչ թե Ադրբեջանին զենք կվաճառեին և ընդհանուր տիպի հայտարարություններ կանեին, այլ իսկապես մենք կզգայինք, թե ովքեր են մեր դաշնակիցները»:

Ըստ Ավ. Իշխանյանի՝ մենք բավական ժամանակ ենք կորցրել, բայց դեռ ուշ չէ, և այս վերջին դեպքերը պետք է սթափեցնեն հայ հասարակությանը և Հայաստանի իշխանություններին, որ լրջանան և իմանան, որ պետք է հույսը դնել մեզ վրա. «Ու եթե դու հույսդ դնում ես քեզ վրա, ապա հայտնվում են դաշնակիցներ, իսկ եթե հույսդ դնում ես միջազգային կազմակերպությունների վրա, ապա դու կործանված ես»:
Մեր զրուցակիցը նշեց, որ, օրինակ, Մեծ Բրիտանիան, որն ուղղակի պատերազմի մեջ չէ որևէ պետության հետ, բայց ունի իր առաքելությունը, ասենք, Իրաքում կամ Աֆղանստանում, և այլն, տեսնում ենք, թե ինչպես է արքայազնը՝ որպես սպա, գոնե ձևի համար այցելում կամ մասնակցում տարբեր տիպի զորավարժությունների.

«Մեր դեպքում, լինելով պատերազմի մեջ, ուղղակի անմտություն է, երբ շատ պաշտոնյաների երեխաներ բանակից ազատված են ու պաշտոններ ունեն: Այսինքն՝ պատերազմական վիճակում բանակում չծառայելը՝ հատկապես պաշտոնյաների երեխաների և պաշտոնյաների համար, պետք է ընկալելի չլիներ և չընդունվեր հասարակության կողմից: Այսպիսի մթնոլորտ պետք է լիներ Հայաստանում, որը չկա»:
Հարցին, թե ինչպե՞ս են հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում ստեղծված իրավիճակը, Ավ. Իշխանյանը պատասխանեց. «Այստեղ մի կարևոր խնդիր կա. մի կողմից՝ երբ լինում է պատերազմական վիճակ, ապա միանգամից գայթակղություն է առաջանում գրաքննություն մտցնել կամ սահմանափակել խոսքի ազատությունը: Սա, կարծում եմ, Հայաստանին օգուտ չի տա: Ի վերջո, Ադրբեջանում նման վիճակ է:

Բայց կարծում եմ՝ Հայաստանի մամուլը և հասարակությունը պետք է գիտակցեն պահի լրջությունը, և իրենց մեջ պետք է լինի պատասխանատվությունը (չեմ ասում՝ ներքին գրաքննություն) տեղեկատվական պատերազմին համապատասխան արձագանք տալու համար: Իսկ Հայաստանի պաշտոնական տեղեկատվությունը պետք է շատ լուրջ լինի, շատ ուժեղ ուսումնասիրի և միջազգային ասպարեզում (որովհետև որքան էլ միջազգային հարցերը համարում եմ երկրորդական, բայց ամեն դեպքում՝ դրանք կարևոր են) Ադրբեջանի և Հայաստանի հասարակական կարծիքը համարժեք լինի: Այս պարագայում՝ տպավորությունս այնպիսին է, որ այս վերջին դեպքերի ժամանակ Հայաստանի անկախ մամուլի կողմից կարծես թե գիտակցվում է պահի կարևորությունը»:

Հարցին, թե որքանո՞վ են օբյեկտիվ ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը, Ավ. Իշխանյանն այսպես պատասխանեց. «Ադրբեջանական լրատվամիջոցները երբեք օբյեկտիվորեն ոչինչ չեն ներկայացրել: Ես հետևում եմ նրանց լրատվամիջոցներին, և նրանք ոչ միայն օբյեկտիվ չեն ներկայացնում, այլև այն ադրբեջանցիների մոտ, ովքեր ավելի երիտասարդ տարիքի են և չեն շփվել հայերի հետ, լրիվ այլ պատկերացումներ կան և՛ Հայաստանի, և՛ պատերազմի մասին: Իսկ ինչ վերաբերում է ավելի գիտակ մարդկանց, նրանք ուղղակի ոչ միայն վախենում են իրենց կարծիքը հաճախ ասելուց, այլև երբեմն հանդիպումների ժամանակ ցանկանում են, որ այդ հանդիպումները լինեն գաղտնի, և Ադրբեջանից ոչ ոք չիմանա, որ նրանք հանդիպում են ունեցել հայկական պատվիրակության հետ»:

Վերջերս միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել էր, որ հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի դատարան: Այս կապակցությամբ Ավ. Իշխանյանն ասաց, որ թող փորձն արվի, բայց իր համոզմամբ՝ դա հերթական տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ մասերից մեկն է լինելու. «Հույս ունենալ, որ միջազգային ատյաններում կհաղթի արդարությունը, կարծում եմ՝ մոլորություն է»:

Տեսանյութեր

Լրահոս