Ինչպես որոշի Պուտինը, այնպես էլ կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի, թե՛ Կիևի համար. Ժիրինովսկի (տեսանյութ)
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է շաբաթվա վերջին Սոչիում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումները.
«Պետք է քննարկել բոլոր տարբերակները, բոլոր սցենարները, սակայն պատերազմի ու արտաքին քաղաքականության հարցերը գտնվում են միայն մեկ մարդու՝ մեր պետության ղեկավարի ձեռքում: Մենք կողմ ենք, որ չլինի պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ զոհվեն հայերը կամ ադրբեջանցիները:
Սակայն խաղաղությունն առանց պատերազմի չի ստացվում: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած 70 տարում եղել է թե՛ Հյուսիսային Կորեա, թե՛ Սուդան, թե՛ Աֆղանստան, թե՛ Լիբիա, թե՛ Սիրիա: Ողջ աշխարհը, բոլոր երկրներն արյան մեջ են»:
Գնահատական տալով հետխորհրդային տիրույթի հակամարտություններին՝ Ժիրինովսկին հայտարարել է. «Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը, Ուկրաինան, Մերձդնեստրը – այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, վատ է: Սակայն Երկիր մոլորակի խաղաղության բանալին գտնվում է միայն Կրեմլում, միայն ռուսական պետության ղեկավարի աշխատասենյակում:
Այդպես եղել է 100 տարի առաջ, 50 տարի առաջ, այդպես էլ կլինի բոլոր ժամանակներում: Ես վստահ եմ, որ նախագահը կընդունի խելամիտ որոշում, որպեսզի գոհ լինեն թե՛ Երևանում, թե՛ Բաքվում: Նրանք երեքը (Պուտին, Սարգսյան, Ալիև) կնստեն և կբանակցեն»: Ժիրինովսկին կարծում է, որ Իլհամ Ալիևը թույլ չի տա արյունահեղ պատերազմի սկսում: