Թուրքիան լոբբիստական ուժեղ գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում՝ վերականգնելու համար Օբամայի հետ երբեմնի հարաբերությունները
Al-Monitor-ի փոխանցմամբ՝ Թուրքիան լոբբիստական ուժեղ գործունեություն է ծավալել՝ փորձելով վերականգնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ իր երբեմնի խոստումնալից հարաբերությունները, որոնք զգալիորեն վատթարացել են վերջին մեկ տարվա ընթացքում:
Դեռ 2009 թվականին Օբաման մուսուլմանական երկրներից առաջինն այցելեց Թուրքիա և նրան ներկայացրեց որպես Արևմուտքի ու Իսլամի միջև կամրջային մոդել: Սակայն դրանից հետո զգալիորեն վատթարացել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխհարաբերությունները, ինչը կապված է արտաքին քաղաքական խնդիրների հետ՝ Իսրայել, Սիրիա, Եգիպտոս:
Հարաբերությունների վատթարացման մեջ իրենց դերն ունեն նաև Վաշինգտոնի կողմից գնալով խստացող քննադատությունները՝ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից այլակարծներին ճնշելու հետ:
Հուլիսի 21-ին Էրդողանը հայտարարեց, որ նախկինում ուղիղ հեռախոսազրույց (շփում) էր ունենում Օբամայի հետ, սակայն Սիրիայի հարցում ակնկալվող արդյունքները չստանալուց հետո այժմ միմյանց հետ ուղիղ շփման մեջ են միայն երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
2009 թվականից Թուրքիան լոբբիստական գործունեության վրա տարեկան ծախսում է ավելի քան 2 միլիոն դոլար: 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2.12 միլիոն դոլար: