Թուրք ազգայնամոլները սպառնացել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած կինոռեժիսորին
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ազգայնամոլները սպառնացել են թուրքական ծագում ունեցող գերմանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Ֆաթիհ Աքինին, ով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին նկարել է The Cut («Հատում») ֆիլմը:
Վերջինս օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրվելու է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում: Ազգայնամոլները «Թուրք-թուրանական ասոցիացիայի» միջոցով հայտարարություն են տարածել, որում նշել են.
«Մենք բաց կերպ սպառնում ենք «Ակօս» թերթին, հայ ֆաշիստներին և այսպես կոչված մտավորականներին: Այդ ֆիլմը չի ցուցադրվի Թուրքիայի որևէ կինոթատրոնում: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը սպիտակ գլխարկներով ու Ադրբեջանի դրոշներով»:
Սպիտակ գլխարկները թուրք ազգայնամոլների խորհրդանիշն են դարձել 2007 թվականին «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ նրան սպանելիս մարդասպան Օգյուն Սամասթը կրել էր սպիտակ գլխարկ: