Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հավելյալ փաթեթի սահմանումը՝ կապված Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հետ:
Նման որոշում ընդունվել է երեկ՝ Ճապոնիայի կառավարության նիստում, որը նախագահել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: Ներկայիս պատժամիջոցները նախատեսում են ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային հաշվիների սառեցում, որոնք Տոկիոյի կարծիքով՝ մասնակից են Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանն ու Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:
Ճապոնիան նաև արգելք է դրել Ղրիմից մի շարք ապրանքների ներկրման վրա: Интерфакс գործակալության տվյալներով՝ ցուցակում ընդգրկվել է 40 մարդ: Ավելի վաղ Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել էր ապրիլի 29-ին: Այն ժամանակ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր 23 մարդ: