Թոմաս դե Վաալ. Ադրբեջանն էլ ավելի ցինիկ է դարձել Մինսկի խմբի հանդեպ, քան առաջ էր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այժմ սպասողական վիճակ է, ուստի սահմանային բռնությունները չեն վերաճի լայնածավալ պատերազմի: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց երկար տարիներ ղարաբաղյան հարցով զբաղվող վերլուծաբան Թոմաս դե Վաալը` մեկնաբանելով սահմանային վերջին իրադարձությունները:

Վաշինգտոնի «Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով ավագ փորձագետը հայ-ադրբեջանական սահմանային գոտում (այդ թվում` այն հատվածներում, որտեղ սովորաբար խաղաղ է եղել) բռնության աճը բացատրում է մի քանի գործոններով:

Առաջինը տարվա եղանակն է` «ամառը միշտ էլ եղել է ամենաթեժ ժամանակը շփման գծի համար բոլոր առումներով»:

Թոմաս դե Վաալի համոզմամբ` հակամարտության մյուս գոտիները ևս ազդում են ղարաբաղյան հակամարտության վրա: Ըստ նրա` Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները ցույց են տալիս, որ «իրավիճակը սրելու գինը նվազում է», այսինքն` հակամարտող կողմերից ով սկսի կռիվը, նա ավելի քիչ քննադատության կենթարկվի դրա համար:

Երրորդ գործոնն այն է, որ թեև Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պահպանվում է, այդուհանդերձ, Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի հակամարտությունը «ստվեր է գցում» ղարաբաղյան խնդրի վրա:

«Ադրբեջանն էլ ավելի ցինիկ է դարձել Մինսկի խմբի հանդեպ, քան առաջ էր: Իսկ հակամարտող երկու կողմերը սպասում են ամռան վերջին` որոշելու բանակցություններում իրենց հաջորդ քայլը և տեսնելու, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները` կապված Ուկրաինական ճգնաժամի հետ: Ինչևէ, այս «կսպասենք` կտեսնենք» վիճակն ինձ թույլ է տալիս ակնկալել, որ էսկալացիա չի լինի, և ցածր մակարդակի բռնությունը չի վերաճի լայնածավալ պատերազմի»,- ավելացրեց Թոմաս դե Վաալը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հուլիսի 25-ի ուշ երեկոյան` մի քանի ժամ շարունակ գնդակոծելով Տավուշի մարզի մի շարք գյուղեր, այդ թվում` Մովսեսը, Այգեպարը, Ներքին Կարմիրաբյուրը և Չինարին: Հայկական կողմը պատասխանել է հակառակորդի կանոնավոր կրակոցներին: Նույն պատկերը կրկնվել է նաև երեկ` հուլիսի 28-ին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հուլիսի 25-26-ի փոխհրաձգության հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել:

 

Տեսանյութեր

Լրահոս