ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պետք է կարևոր որոշումներ ընդունի Վրաստանի անվտանգության վերաբերյալ. Ուսուպաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին կարծում է, որ սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետք է որոշումներ ընդունվեն Վրաստանի անվտանգության ուժեղացման վերաբերյալ:
Ուսուպաշվիլին այսօր հանդիպել է ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Հյու Բեյլիի հետ, ով Վրաստան էր ժամանել նախօրեին: Հանդիպման արդյունքներով էլ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետք է ընդունվեն կարևոր որոշումներ, որոնք կուժեղացնեն Վրաստանի անվտանգությունը և կամրապնդեն ՆԱՏՕ-ի դիրքերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության պաշտպան:
Պլանավորված է, որ Հյու Բեյլին այսօր հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, ինչպես նաև Վրաստանի հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: