Ճապոնիան ընդլայնելու է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան ընդլայնելու է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ փոխգործակցելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Այս մասին Տոկիոյում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Նրա խոսքերով՝ Ճապոնիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում սերտորեն փոխգործակցելու է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու այլ երկրների հետ: Ճապոնիան G7-ի երկրներից ամենավերջինն է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, և ներկա դրությամբ դրանք ամենամեղմ պատժամիջոցներն են:
Ճապոնիան, մասնավորապես, մարտին կասեցրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները և երկու այլ համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելը, իսկ ապրիլի վերջին էլ արգելել էր մուտքի վիզա տրամադրել 23 ռուսաստանցի պաշտոնյայի: Այդ ցուցակն այդպես էլ չի հրապարակվել ամբողջովին: