Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին և շփման գծի վերջին զարգացումներին.

«Մենք մտահոգ ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև շփման գծում ամեն կորստի գրանցման կապակցությամբ: Միջադեպերի թիվը, որոնք հանգեցնում են զոհերի ու վիրավորումների, հետընթաց է մեր ջանքերում՝ միտված կայուն խաղաղության փնտրտուքի շուրջ կողմերի հետ աշխատելուն:

ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները պատրաստ են օգնել կողմերին՝ գտնելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այն չունի ռազմական լուծում:

Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու համար հետագա հարցերը:

Մենք հուսով ենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք ականատես եղանք նրան, որ առաջընթացը հնարավոր է:

Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը կդառնա կարևոր քայլ դեպի առաջ՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ: Համանախագահները պատրաստ են օգնել ամեն կերպ»:

Ուորլիքը հավելել է, որ Պիեդ Անդրիեն արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր նոր գործառույթների իրականացմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ:

Տեսանյութեր

Լրահոս